Հայաստանում նախատեսվում է կառուցել 400ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ

jpg
2020 Aug 29

Կառավարությունն այսօր նիստին հավանություն է տվել «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին և սահմանել ծրագրի իրականացման նախապայման, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Ներդրումային ծրագրի հիմքում ընկած է Masdar-ի և ANIF-ի միջև ընթացիկ տարվա հուլիսին կնքված փոխըմբռնման հուշագիրը, որով նախատեսվում է արդյունավետ համագործակցություն իրականացնել արևային ֆոտովոլտային, հողմային և լողացող արևային էներգիայի կայանների կառուցման ուղղություններով։ Այնուհետև այս երկու ընկերությունների միջև կնքվել է համաձայնագիր, որով առաջարկվում է 2 փուլով իրականացնել 400ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագիր:

Առաջին փուլով նախատեսվում է մինչև 2023թ. դեկտեմբեր ամիսն իրականացնել 200ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի և շինությունների կառուցում, միացում հաղորդման ցանցին և գործարկում։ Այս փուլի ներքո նախատեսվող սակագինը համաձայնեցվել է Masdar–ի հետ և արժեքը 1 կՎտժ-ի դիմաց կազմելու է 2.99 ԱՄՆ ցենտ/կՎտժ (առանց ԱԱՀ): Երկրորդ փուլով նախատեսվում է մինչև 2024թ. դեկտեմբեր ամիսն իրականացնել 200ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում, 1 կՎտժ-ի դիմաց արժեքը կազմելու է 2.95 ԱՄՆ ցենտ/կՎտժ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ դա մասնավոր- պետական համագործակցության այն տրամաբանությունն է, որը դրվում է կառավարության տեսլականի հիմքում՝ և՛ էներգետիկ ոլորտում, և՛ մնացած բոլոր ոլորտներում: